Կայացան ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական խմբայինի անցումային առաջին հանդիպումները: Ձայն ձայնի տված` հյուրընկալող կողմերն իրավիճակից քամեցին առավելագույնը` երեքական միավոր: Միակ բացառությունն իսլանդացիներն են, ովքեր հորվաթների հետ խաղում բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով ու ավելի բարդացրին իրենց ավելի քան անհուսալի վիճակը, թեպետ արդեն իսկ այս փուլ հասնելը նրանց համար միանշանակ մեծ ձեռքբերում էր: Թե ինչու ենք տվյալ պարագայի առնչությամբ խոսում անցյալ ժամանակով, ունի իր շատ պարզ բացատրությունը. բոլոր հեքիաթներն ավարտվում են մանկական տարիքում:
Ամենախոշոր անակնկալը մատուցեցին ուկրաինացիները` ֆրանսիացիներին ոչ թե հաղթելով, այլ պատժելով 2:0 հաշվով: Ավելին, եթե նրանք փոքր-ինչ ավելի հաջողակ լինեին, կարող էին ավելի մեծ հաշվով առավելության հասնել, ու դա ավելի քան տեղին կլիներ, որովհետև ֆուտբոլում կարելի է ու պիտի ունենալ սեփական գերազանցության զգացողություն, բայց այն համեմել մեծամտությամբ ու միաժամանակ հուսալ, թե կմնաս անպատիժ, քիչ հավանական է:
Իհարկե` խայտառակություն, իհարկե` ամոթ. ֆրանսիական մամուլը ձաղկող, այպանող, դատապարտող ինչ էլ գրի ամսի 15-ի հանդիպման մասին, երիցս ճիշտ կլինի, քանզի ֆրանսիացիներին չհաջողվեց աշնանային թեթև վոյաժը Կիև, ու Դեշանի գլխավորած հավաքականը հիմա տանն է ստիպված լուծելու Բրազիլիա տանող գերբարդագույն խնդիրը: Փարիզում ոչ միայն պիտի կարողանալ թևեր առած մրցակցին երեք գոլ խփել, այլև սեփական դարպասն էլ դեռ անառիկ պահել: Սա հիշատակում ենք որպես լավագույն տարբերակ, իսկ եթե առհասարակ վերցնելու լինենք, դրանք շատ են, ուստի հատ-հատ քննության չառնենք: Մեկ է` այսօրվա պատասխան խաղից առանձնապես շատ ժամանակ չի բաժանում:
Ինչ վերաբերում է նախորդ նյութում հիշատակված Միշել Պլատինի «պապային», ո՛չ մենք ենք հրաժարվում մեր նախնական կարծիքից, ո՛չ էլ, կարծում ենք, նա է հրաժարվելու իր պապայությունից, որքան էլ որ օրերս, Ռուսաստանում եղած ժամանակ, մեկ այլ առիթով խոսում էր իր դեմոկրատ լինելուց: Մի խոսքով, սպասեք հետաքրքիր զարգացումներ:
Թեման փակելուց առաջ պարտքս եմ համարում զգուշացնել` չխաբվեք վիվարոներին ու ձեր երեխաների օրվա հացի փողը քամուն չտաք, առանց այն էլ դեմը նոր տարի է` վրա հասնող ձմռան բերած ծախսերի սպասված ու չսպասված մեծացումով: Մենք, որպես հեղինակ ու թերթ, մեր զգուշացումն արեցինք, մնաց, որ ապավինեք ձեր բանականությանը:
Պորտուգալիա-Շվեդիա դիմակայությունում առավել հաջողակ եղավ առաջինը, ու դրան մեծապես նպաստեց այն, որ վերջինս հյուր էր գնացել ավելի շատ սեփական դարպասն անառիկ պահելու, քան դիմացինինը գրավելու շեշտադրմամբ: Արդյունքը եղավ այն, ինչ եղավ, թեպետ այդ եղածը ճակատագրական դժվար է համարել:
Խոշոր հաշվով պորտուգալացիների նվազագույն հաշվով հաղթանակը ոչինչ էլ չի որոշում, որովհետև պատասխան խաղում, համոզված եմ, ոչ թե գոլ, այլ գոլեր կլինեն, և Զլատան Իբրահիմովիչը նախ և առաջ իրեն չի ների Քրիշտիանու Ռոնալդուի գոլ խփելու ու իր չխփելու անպատվությունը: Իհարկե, սրանից չի կարելի եզրակացնել, որ կողմերի դիմակայությունը բացառապես նրանց առաջնորդների դիմակայություն է, բայց որ խնդրում համաշխարհային ֆուտբոլի այս երկու վառ անհատականություններն ի վերուստ իրենց տրված բացառիկ դերակատարումն ունեն, քննարկման հարց չէ:
Հունաստան-Ռումինիա հանդիպումը պակաս դիտարժան չեղավ: Առաջին փուլն ավարտվեց հույների հաղթանակով` 3:1, սակայն ռումինացիների խաղն այն տպավորությունը չթողեց, թե սեփական դաշտում ի զորու չեն երկու անպատասխան գնդակ ուղարկելու մրցակցի դարպասը: Ընթերցողին հիշեցնենք, որ եթե այս 2:0-ն հաղթական կլինի ռումինացիների համար, ապա ֆրանսիացիների համար հավասարազոր է ընդամենը հաշիվ հավասարեցնելու: Այնպես որ, այնքան էլ մի վստահեք թվաբանությունից ունեցած ձեր տարրական գիտելիքներին, թե երկու հավասարազոր մեծությունները կատարելապես հավասար են: Դրանք այդպիսին են միայն ստերիլ պայմաններում, իսկ տվյալ պարագայում ոչ միայն նախորդ հանդիպման գործոնը կա, այլև, հուսով եմ, չեք մոռացել` Միշել «պապան»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ